Ուսանողական թատրոն-լաբորատորիա

Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի (այսօր՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ) Ուսումնական թատրոնը հիմնադրվել է 1979 թվականին: Մինչ այդ նախկին ԽՍՀՄ-ում ուսումնական թատրոն ուներ միայն Մոսկվայի Ա. Լունաչարսկու անվան թատերական արվեստի պետական ինստիտուտը: ԵԳԹԻ-ում ուսանողական ներկայացումների հրապարակային ցուցադրությունները սկսվել էին 1945 թվականից: Նույն թվականին էլ բուհի ռեկտոր Վավիկ Վարդանյանի ցանկությամբ հայտարարվում է ուսումնական թատրոն ստեղծելու մասին, որը այդպես էլ իրականություն չի դառնում:

1979 թվականին Իսահակյան փողոցում գտնվող ԵԳԹԻ շենքում բացվում է Ուսումնական թատրոնը, որի առաջին տնօրեն է նշանակվում Ռուբեն Արզումանյանը՝ Մետաքսյա Սիմոնյանի և Կիմ Արզումանյանի որդին: Ուսումնական թատրոնը գլխավորապես ցուցադրում է կուրսային և դիպլոմային աշխատանքներ: 1984-ից հետո թատրոնը չի գործում՝ այդպես էլ չկարողանալով վերածվել խաղացանկային թատրոնի: 
Տարիներ անց այն վերաբացվեց, այնուհետև վերանվանվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Ուսանողական թատրոն-լաբորատորիա», որի տնօրենն է Էրիկ Բարսեղյանը:

Թատրոնն այսօր գործում է հիմնական խաղացանկով և ընդգրկում է շուրջ 20 ներկայացում։

Ուսանողական թատրոն-լաբորատորիան կազմակերպում է բուհի կուրսային և դիպլոմային բեմադրությունների գրաֆիկը, ուսանողներին տրամադրում բեմադրական միջոցներ (դեկորացիա, ռեկվիզիտ, հանդերձանք և այլն)։ Ուսանողական թատրոն-լաբորատորիան գործում է նաև ազատ բեմի սկզբունքով։ Այստեղ ներկայացումներ են բեմադրում բուհի դասախոսներ, ուսանողներ, շրջանավարտներ, երիտասարդ ստեղծագործողներ։ Բեմադրելու հնարավորություն է ընձեռվում այն շնորհալի ստեղծագործողներին, ովքեր իրենց ուժերն են փորձում թատերական ոլորտում:

Ուսանողական-թատրոն լաբորատորիան բացի իր հիմնական գործառույթներն իրականացնում է նաև մի շարք մշակութային ծավալուն նախագծեր: Այդ նախագծերից է «ԱՐՏ ՖԵՍՏ» միջազգային երիտասարդական բաց փառատոնը, որն ընդգրկում է արվեստի հետևյալ ճյուղերը՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, դեկորատիվ-կիրառական արվեստ։

                                                                                           

Ուսանողական թատրոն-լաբորատորիայի տնօրեն

Էրիկ Բարսեղյան

Հեռ.՝ + 374 10 53 09 73

Էլ. Հասցե՝ us.tatron@gmail.com