«Հանդես»

«Հանդես»- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գիտամեթոդական հոդվածների ժողովածու: Գլխավոր խմբագիր՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյան:

Լույս է տեսնում 2002 թվականից: 1-ին գրքից մինչև 7-րդը տպագրվել է «Գրիգոր Տաթևացի» հրատարակչությունում, 8-րդ գրքից առ այսօր՝ «Վան Արյան» հրատարակչությունում: 2014-ին լույս է տեսել ժողովածուի 15-րդ գիրքը:

Գիտամեթոդական ժողովածուն ընդգրկում է բուհի դասախոսների, ուսանողների, ասպիրանտների հոդվածները, որոնք վերաբերում են թատրոնի, կինոյի պատմության ու տեսության հարցերին և դրանց առնչվող հասարակագիտական ոլորտներին, ինչպես նաև դասավանդման մեթոդների քննությանը:

Խորագրերն են՝ «Թատրոնի տեսություն և պատմություն», «Բեմական խոսք», «Պարարվեստ», «Ժառանգություն», «Գրականագիտություն», «Փիլիսոփայություն», «Գեղագիտություն», «Հայ ժողովրդի պատմություն», «Սոցիոլոգիա», «Արվեստագետի խոհեր» և այլն:

Ժողովածուների տարբեր գրքերում բացի ԵԹԿՊԻ-ի հեղինակներից ներկայացվել են նաև հանրապետության այլ բուհերի, ինչպես նաև արտասահմանից հեղինակների հոդվածներ: Խորագրերը կարող են փոփոխվել՝ ըստ գրքում ներկայացվող նյութերի:

«Հանդես» ժողովածուի պարբերական հրատարակությունը հատկանշվում է իր բազմաբնույթ գործառութային նշանակությամբ, դրա իրացումներով և նոր նախագծերով:

Խմբագրական կոլեգիայի անդամներն են եղել ԵԹԿՊԻ-ի ռեկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ժող. դերասան Սոս Սարգսյանը՝ 2002-ից մինչև 2014թ., ռեկտոր, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանը՝ 2002-ից մինչև 2011թ., ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանը՝ 2011- ից մինչև 2014թ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Օրդոյանը, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը, արվեստագիտության թեկնածու, կինոգետ, ռեժիսոր Գարեգին Զաքոյանը, կինոգետ, պրոֆեսոր Անետա Երզինկյանը, ռեժիսոր, պրոֆեսոր Արմեն Մելիքսեթյանը: