Կարիերայի ԵՎ պրակտիկայի կենտրոն

ԵԹԿՊԻ-ի Կարիերայի և պրակտիկայի կենտրոնը գործում է 2014թ-ից: ԵԹԿՊԻ-ի Գիտական խորհրդի 26.11.2015 թվականի որոշմամբ ԵԹԿՊԻ-ի Կարիերայի կենտրոնը վերանվանվել է ԵԹԿՊԻ-ի Կարիերայի և պրակտիկայի կենտրոն։

Իր ստեղծման առաջին իսկ պահից Կարիերայի և պրակտիկայի կենտրոնը ստեղծել է 2012, 2013, 2014 և 2014-2015թթ. ուսումնական տարվա շրջանավարտների տեղեկատվական բազա՝ շրջանավարտների էլեկտրոնային հասցեներ, անձնական ստեղծագործական տվյալներ /տեքստային և տեսաշարային նյութեր/, աշխատանքային փորձի վերաբերյալ  տեղեկություններ:

Հետագա ուսումնական տարիների շրջանավարտների տեղեկատվական  բազայի ստեղծման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար Կարիերայի և պրակտիկայի կենտրոնը մշակել է հարցման ձևաչափ /«Շրջանավարտի թերթիկ» երկու տարբերակով՝ դերասանների և այլ մասնագիտությունների համար/, որոնք լրացվել են 2014-2015, 2015-2016, 2016-2017 ուսումնական տարիների շրջանավարտների կողմից:

ԵԹԿՊԻ-ի էլեկտրոնային կայքում տեղադրելու նպատակով՝ առաջարկված պահանջներին համապատասխան, վերամշակվել է 2011-2012, 2012-2013, 2013-2014, 2014-2015, 2015-2016 ուսումնական տարիների շրջանավարտների վերոնշյալ տեղեկատվական  բազան: Կազմվել են այդ թվականների առկա համակարգի բակալավրի կրթական ծրագրով, հեռակա համակարգի բակալավրի կրթական ծրագրով, առկա համակարգի մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցմամբ շրջանավարտների զբաղվածության տեղեկագրերը և վերլուծությունները /թվային և տոկոսային հաշվարկով/:

ԵԹԿՊԻ-ի Գիտական խորհրդի 11.02.2016թ. նիստում հաստատվել է Կարիերայի և պրակտիկայի կենտրոնի կողմից մշակված ԵԹԿՊԻ-ի բոլոր ֆակուլտետների «Պրակտիկայի համակարգ»-ը և «ԵԹԿՊԻ-ի ուսանողի պրակտիկայի օրագիր»-ը փաստաթղթերի նոր ձևաչափը:

Ինստիտուտի իրավախորհրդատուի հետ համատեղ մշակվել է ԵԹԿՊԻ-ի ուսանողների պրակտիկան անցկացնելու նպատակով ինստիտուտի և համապատասխան կազմակերպությունների միջև կնքվող «Համագործակցության պայմանագիր» փաստաթղթի նոր ձևաչափը:

ԵԹԿՊԻ-ի շրջանավարտների հնարավոր գործատու կազմակերպություններին և մասնագիտական ընկերակցություններին շրջանավարտների  ունակությունների և հմտությունների վերաբերյալ  լիարժեք տեղեկություն տրամադրելու նպատակով նախատեսվում է բուհի կայքում իրականացնել շրջանավարտների աշխատանքների արդյունավետ լուսաբանումը, ինչը կնպաստի հետագայում նրանց կարիերայի կառուցման գործընթացին:

Կարիերայի և պրակտիկայի կենտրոնը համագործակցում է «Հայաստանի գործատուների հանրապետական միության» և Global Media Group կազմակերպությունների հետ: Ավարտական կուրսերի ուսանողներին այս համագործակցության շնորհիվ հնարավորություն է ընձեռվել մասնակցել «Հայաստանում և արտերկրում գործատուին ճիշտ ներկայանալու հմտություններ» խորագրով ինտերակտիվ թրեյնինգներին:

Կարիերայի և պրակտիկայի կենտրոնը և ABA STUDIO միջազգային պրոդյուսերական կենտրոնը պարբերաբար կազմակերպում են ինստիտուտի   Դերասանական արվեստ մասնագիտությամբ ուսանողների պրոֆեսիոնալ անձնական փաթեթների ստեղծումը /տեսահոլովակների և լուսանկարների ձևաչափով/: Նույն գործընթացը 2016 թվականին կազմակերպվել է նաև բուհի նորաստեղծ «ԿԻՆՈԱԿՈՒՄԲԻ» անդամների հետ:

Սոցիալական գործունեության շրջանակներում ԵԹԿՊԻ-ի Կարիերայի և պրակտիկայի կենտրոնը աջակցում է «Հույսի կամուրջ» ոչ կառավարական հասարակական կազմակերպության գործունեությանը:

Կազմվել է «Կարիերայի կենտրոնի 2015-2016, 2016-2017 ուս. Տարիների գործողությունների պլան»-ը, որի հիման վրա 2015թ. հոկտեմբերին՝ համաձայն ՀՀ Կրթության նախարարության պահանջի, ներկայացվել է ԵԹԿՊԻ-ի Կարիերայի և պրակտիկայի կենտրոնի «Ռիսկերի գնահատման տեղեկագիր»-ը: Ռիսկերի գնահատման տեղեկագրում ներկայացված խնդիրները հաղթահարելու նպատակով մշակվել են համապատասխան միջոցներ՝ մշակվել է փաստաթուղթ, որը միտված վերոնշյալ ռիսկերի նվազեցմանը:

Կարիերայի և պրակտիկայի կենտրոնը պարբերաբար թարմացնում է ԵԹԿՊԻ-ի շրջանավարտների հավաքագրած տվյալները և ներկայացնում շրջանավարտների զբաղվածության վերաբերյալ հաշվետվություն /թվային և տոկոսային հաշվարկով չափորոշիչներ/:

Կարիերայի և պրակտիկայի կենտրոնն 2015 թվականից սկսած աջակցում է նորաստեղծ «ՍՈՍԵ» միջազգային կինոփառատոնին և ինստիտուտի ուսանողների ուժերով կազմակերպում փառատոնի աշխատանքները լուսաբանող նկարահանումներ:

Կարիերայի և պրակտիկայի կենտրոնը՝ համաձայն ԵԹԿՊԻ-ի ուսումնական պլանի և ԵԹԿՊԻ-ի պրակտիկայի համակարգի, կազմակերպում է ինստիտուտի ուսանողների գործուղումները պրակտիկայի անցկացման համապատասխան վայր:

Կարիերայի և պրակտիկայի կենտրոնի աշխատանքները ակտիվացնելու և ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ԵԹԿՊԻ-ի Կարիերայի և պրակտիկայի կենտրոնի 25․12․2015թ․ նիստի որոշմամբ Կարիերայի և պրակտիկայի կենտրոնին կից ստեղծվել է ԵԹԿՊԻ-ի շրջանավարտների խորհուրդ: Խորհրդում ընդգրկվել են ԵԹԿՊԻ-ի տարբեր տարիների, տարբեր մասնագիտությամբ և մշակութային տարբեր կազմակերպություններում աշխատող շրջանավարտներ։ 11.01.2016թ.-ին կայացել է Շրջանավարտների խորհրդի 1-ին նիստը:

Կենտրոնը կատարված աշխատանքների մասին պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում Կարիերայի և պրակտիկայի կենտրոնի աշխատանքների համակարգումն իրականացնող ԵԹԿՊԻ-ի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտորին:

  • Կարիերայի և պրակտիկայի կենտրոնի համագործակցությունը Որակի ապահովման կենտրոնի հետ՝ այստեղ
  • Կարիերայի և պրակտիկայի կենտրոնի համագործակցությունը ԵԹԿՊԻ-ի ֆակուլտետների, ֆիլմադարանի հետ՝ այստեղ
  • ԵԹԿՊԻ-ի ուսանողների ուսումնական, արտադրական և մագիստրատուրայի գիտահետազոտական պրակտիկաները կազմակերպելու և անցկացնելու նպատակով ԵԹԿՊԻ–ի հետ համագործակցող կազմակերպությունների ցանկն՝ այստեղ
  • Կարիերայի և պրակտիկայի կենտրոնի ծրագրերն՝ այստեղ: 

 

Կարիերայի և պրակտիկայի կենտրոնի համակարգող՝

ԳԻՇՅԱՆ ՀԱՍՄԻԿ

Հեռ.՝ (+374) 098 17-97-03

Էլ. հասցե՝  hasmik.gishyan@ysitc.am