Գորիսի մասնաճյուղ

ԵԹԿՊԻ-ի Գորիսի մասնաճյուղը կազմավորվել է 2004թ. ՀՀ կառավարության թիվ 547-ն որոշմամբ: Մասնաճյուղը հանդիսանում է մարզում միակ գործող թատերական արվեստի ուսուցման բարձրագույն ուսումնական հաստատությունը, որը հնարավորություն է ստեղծում դիմորդներին թատերական կրթություն ստանալ իրենց բնակավայրում և հետագայում մարզի և ԼՂՀ-ի գործող պետական թատրոններին ապահովել բարձր որակավորմամբ մասնագետներով: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է մայր բուհի կողմից հաստատված պետական ուսումնական պլաններով և ծրագրերով, ներդրվել է կրեդիտային  համակարգ:

Մասնաճյուղն այժմ կատարում է ընդունելություն մեկ մասնագիտությամբ`

Թատերական արվեստ

-Դերասանական արվեստ /դրամ.թատրոնի և կինոյի դերասան/:

Գորիսի մասնաճյուղում գործում է նաև նախապատրաստական բաժին, որտեղ դիմորդները պատրաստվում են ընդունելության քննությունների:

 

Մասնաճյուղում սովորում է 30 ուսանող: Ընդունելության և ավարտական քննությունները անցկացվում են մայր բուհում:

Հաստատությունում դասավանդում են մասնագիտական կրթություն և մանկավարժական փորձառություն ունեցող մասնագետներ: Պարբերաբար մայր բուհից Գորիսի մասնաճյուղ են գործուղվում անվանի պրոֆեսորներ, դասախոսներ:

Գորիսի մասնաճյուղի ուսանողների և մայր բուհի Ռեժիսուրա մասնագիտությամբ շրջանավարտների միջև առկա է համագործակցություն, որի շրջանակներում մայր բուհի Ռեժիսուրա մասնագիտությամբ շրջանավարտները իրենց դիպլոմային աշխատանքները բեմադրում են Գորիսի մասնաճյուղի ուսանող-դերասանների հետ՝ տեղի թատրոններում:

Յուրաքանչյուր ուսումնական տարում մասնաճյուղի ուսանողները զուգահեռաբար մասնակցում են մայրաքաղաքում մայր բուհի լավագույն մասնագետների կողմից անցկացվող մասնագիտական դասընթացներին, թատերական փառատոներին, կինոփառատոներին: Ուսանողների համար կազմակերպվում է նաև այցելություններ մայրաքաղաքի թանգարաններ:

Մասնաճյուղի և տարածաշրջանի բոլոր թատրոնների միջև գործող փոխհամաձայնության շնորհիվ ուսանողներն իրենց ուսումնաարտադրական պրակտիկան անցկացնում են տեղի թատրոններում: Հաստատության և գործատուների միջև ստեղծված սերտ համագործակցության շնորհիվ շրջանավարտները հետագայում համալրում են Գորիսի` Վ. Վաղարշյանի անվան, Կապանի` Ալ. Շիրվանզադեի անվան, Ստեփանակերտի` Վ. Փափազյանի անվան, Շուշիի` Մ. Խանդամիրյանի դրամատիկական թատրոնների թատերախմբերը: Մասնաճյուղի լավագույն շրջանավարտները ընդգրկվում են դասախոսական կազմում և շարունակում վերապատրաստվել մայր բուհում: Դիպլոմային աշխատանքներն էլ հետագայում ընդգրկվում են թատրոնների խաղացանկում: Հնարավորության դեպքում նկարահանվում են ֆիլմերում և տեղում ծանոթանում նկարահանման աշխատանքներին:

Հաստատությունում կազմակերպվում են վարպետության դասընթացներ ճանաչված արվեստագետների հետ:

Մասնաճյուղի ուսանողներն ակտիվ գործունեություն են ծավալում բուհում և նրանից դուրս: Նրանք կազմակերպում են տարբեր մշակութային միջոցառումներ, մասնակցում տարբեր մարզային և քաղաքային մշակութային և հասարակական միջոցառումների: Գորիսի մասնաճյուղի ուսանողները տարբեր տարիների արժանացել են մարզպետարանի, քաղաքապետարանի շնորհակալագրերի և ՀԹԳՄ պատվոգրերի:

Գորիսի քաղաքապետարանի կողմից մասնաճյուղին է տրամադրվել մասնաշենք, որն ապահովված է լսարաններով, փորձասենյակներով, պարասրահով, բեմով, մարզադահլիճով: Մասնաճյուղում գործում է նաև գրադարան, որը մայր բուհի կողմից պարբերաբար համալրվում է գրքերով: Ուսանողները օգտվում են նաև քաղաքային գրադարանից:

 

Գորիսի մասնաճյուղի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ, դոցենտ՝

ՇԱՆԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ք. Գորիս, Ավանգարդ 3/1                                                                                   

 Հեռ.՝ 0/374/ 91 74 78 81                                                                                                                      

Էլ. հասցե՝ etkpigօris@gmail.com