Պատմություն

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հիմնադրվել է 1944 թվականին  երեք բաժիններով` դերասանական, ռեժիսորական, թատերագիտական: Ինստիտուտի առաջին տնօրենն էր արվեստի վաստակավոր գործիչ, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Վավիկ Վարդանյանը: 1952 թվականին կառավարական որոշմամբ թատերական և գեղարվեստական ինստիտուտները միավորվում  են՝ դառնալով Գեղարվեստա-թատերական ինստիտուտ: Նորաստեղծ ինստիտուտի ռեկտոր է նշանակվում պրոֆեսոր, անվանի նկարիչ և քանդակագործ Արա Սարգսյանը: Տարբեր տարիների ինստիտուտում դասավանդել են արվեստի և մշակույթի  անվանի գործիչներ` Վարդան Աճեմյանը, Արմեն Գուլակյանը, Հրաչյա Ղափլանյանը, Հայկուհի Գարագաշը, Մետաքսյա Սիմոնյանը, Սրբուհի Լիսիցյանը, Զարեհ Մուրադյանը, Ռուբեն Զարյանը, Վահրամ Թերզիբաշյանը, Գրիգոր Բոյաջիևը, Հայկ Գյուլիքեխվյանը, Լուիզա Սամվելյանը, Հենրիկ Հովհաննիսյանը և այլք:

1994 թվականին ինստիտուտը տրոհվում է երկու անկախ բուհերի` Գեղարվեստի ակադեմիայի և Թատերարվեստի պետական ինստիտուտի: 1999 թվականին բուհն ընդլայնում է իր մասնագիտական թողարկող որակավորումները և վերանվանվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Տարբեր ժամանակաշրջաններում ինստիտուտը ռեկտորի պաշտոնում ղեկավարել են Մ. Չարյանը, Վ. Մկրտչյանը, Վ. Շահվերդյանը, Ս. Սարգսյանը, Հ. Գասպարյանը, Ա. Մազմանյանը: Ինստիտուտի ներկայիս ռեկտորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ, պրոֆեսոր Դավիթ Էդուարդի Մուրադյանը:

2011/2012 ուսումնական տարում բուհում ստեղծվել են երեք ֆակուլտետներ` Թատրոնի ֆակուլտետ, Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետ, Արվեստի պատմության, տեսության, կառավարման ֆակուլտետ: 2014թ. հիմնադրվել է Հեռակա ուսուցման ֆակուլտետը: Բուհն ունի մասնաճյուղեր հանրապետության այլ քաղաքներում`Գյումրիում, Վանաձորում, Գորիսում: Մայր բուհում այժմ ուսանում է 776 ուսանող, իսկ մասնաճյուղերում` 220:  Ուսուցումն ընթանում է եռաստիճան համակարգով, առկա և հեռակա ձևով, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` համապատասխանաբար 4 և 2 տարի տևողությամբ: Բուհն ավարտելիս շրջանավարտին տրվում է բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթ` պետական դիպլոմ: Ինստիտուտում կազմակերպվում է նաև հետբուհական` ասպիրանտական կրթություն /առկա և հեռակա ձևերով/: Ասպիրանտուրայում ուսուցումն ընթանում է առկա համակարգում` 3 տարի, հեռակայում` 4 տարի: Բուհը սերտորեն համագործակցում է մերձավոր և հեռավոր արտասահմանի մի շարք համալսարանների, ակադեմիաների հետ: ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցում են հանրապետական և միջազգային ստեղծագործական մրցույթների, փառատոների և դառնում հաղթողներ, դափնեկիրներ, գլխավոր մրցանակակիրներ: Սկսած 1961 թվականից՝ մեր բուհում սովորում են  օտարերկրացի ուսանողներ` այդ թվում սփյուռքահայեր. այսօր նրանց թիվը շուրջ երկու տասնյակ է, նրանք Վրաստանի, Ռուսաստանի դաշնության, Սիրիայի, Իրանի իսլամական հանրապետության, Հորդանանի, Բուլղարիայի, ԱՄՆ-ի քաղաքացիներ են:       

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսումնական գործընթացները կազմակերպվում են մասնագիտացված և հոսքային լսարաններում, արվեստանոցներում,  դահլիճներում, կինո և  տեսա-սրահներում, տաղավարներում, շուրջ 225 տեղանոց Ուսանողական թատրոն-լաբորատորիայում, որը խաղացանկային թատրոն է և գործում է ամբողջ տարի: Ինստիտուտն ունի մասնագիտական հարուստ գրադարան՝ շուրջ 44.000 կտոր գրականությամբ, ֆիլմա և տեսադարաններ: Ինստիտուտը հրատարակում է «Կինո/թատրոն» հանդեսը և «Հանդես» գիտամեթոդական ամենամյա ժողովածուն, որտեղ տպագրվում են բուհի դասախոսների և ուսանողների գիտական, ուսումնամեթոդական հոդվածները:

ԵԹԿՊԻ-ում վերջերս ստեղծվել է Կարիերայի և պրակտիկայի կենտրոն, որի գործունեության հիմնական նպատակն է՝ կապի մեջ լինել բուհի շրջանավարտների հետ, համագործակցել գործատուների հետ, սերտորեն համագործակցել նաև օտարերկրյա բարձրագույն ստեղծագործական կրթօջախների հետ` ուսանողական պրակտիկաների, դասախոսների վերապատրաստման, վարպետության դասընթացների անցկացման համատեղ ուսումնական ծրագրերի շրջանակներում:

Բուհում դասավանդում են հանրապետության մշակույթի և արվեստի լավագույն գործիչները, ովքեր ունեն նաև միջազգային ճանաչում` ժողովրդական արտիստներ, միջազգային փառատոների հաղթողներ, պետական մրցանակների դափնեկիրներ՝ թվով 35 պրոֆեսոր, 33 դոցենտ, 148 դասախոս: