Պատմություն

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը հիմնադրվել է 1944 թ.-ին`  դերասանական, ռեժիսորական, թատերագիտական բաժիններով: Ինստիտուտի առաջին տնօրենն էր արվեստի վաստակավոր գործիչ, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Վավիկ Վարդանյանը:  Տարբեր տարիների ինստիտուտում դասավանդել են արվեստի և մշակույթի  անվանի գործիչներ` Վարդան Աճեմյանը, Արմեն Գուլակյանը, Հրաչյա Ղափլանյանը, Հայկուհի Գարագաշը, Մետաքսյա Սիմոնյանը, Սրբուհի Լիսիցյանը, Զարեհ Մուրադյանը, Ռուբեն Զարյանը, Վահրամ Թերզիբաշյանը, Գրիգոր Բոյաջիևը, Հայկ Գյուլիքեխվյանը, Լուիզա Սամվելյանը, Հենրիկ Հովհաննիսյանը և այլք:

2011/2012 ուսումնական տարում բուհում ստեղծվել են երեք ֆակուլտետ` Թատրոնի, Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի, Արվեստի պատմության, տեսության, կառավարման: ԵԹԿՊԻ-ում գործում է հեռակա ուսուցման բաժինը, նախապատրաստական բաժինը:  Բուհն ունի մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում, Գորիսում: Սկսած 1961 թ.-ից մեր բուհում սովորում են  օտարերկրացի ուսանողներ` այդ թվում սփյուռքահայեր:

ԵԹԿՊԻ-ն սերտորեն համագործակցում է մերձավոր և հեռավոր արտասահմանի մի շարք համալսարանների, ակադեմիաների հետ: ԵԹԿՊԻ-ի ուսանողները մասնակցում են հանրապետական և միջազգային ստեղծագործական մրցույթների, փառատոների և դառնում հաղթողներ, դափնեկիրներ, գլխավոր մրցանակակիրներ:      

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսումնական գործընթացները կազմակերպվում են մասնագիտացված և հոսքային լսարաններում, արվեստանոցներում, դահլիճներում, կինո և  տեսա-սրահներում, տաղավարներում: Ինստիտուտն ունի մասնագիտական հարուստ գրադարան՝ շուրջ 44.000 կտոր գրականությամբ, ֆիլմա և տեսադարաններ: Ինստիտուտը հրատարակում է «Կինո/թատրոն» հանդեսը և «Հանդես» գիտամեթոդական ամենամյա ժողովածուն: